Զրուցում են գրող, լրագրող, «Ապրելու բանաձև» գրքի հեղինակ ԳՈՀԱՐ ՄԱՐՏԻԿՅԱՆԸ և գրող, հրապարակախոս ԴԱՎԻԹ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ:
Դ.Ս. - Տիկին Գոհար, բնականաբար, մեր զրույցն ընթանալու է հայոց ազգային-ազատագրական պայքարի պատմության, ինչպես Դուք եք մի առիթով բնորոշել, Ոսկեդարի՝ Արցախյան պատերազմի շրջանակում, սակայն մինչ այդ անդրադառնանք Ձեր աշխատանքային և ստեղծագործական կենսագրությանը, որին երբեք հիմնավորապես չեք անդրադառնում: Ծնվել և մեծացել եք նշանավոր մտավորականի ընտանիքում: Ձեր հայրը՝ Աշոտ Մարտիկյանը, հեղինակել է «Կաղզվանը բոցերի մեջ» հայտնի ստեղծագործությունը, առաջին անգամ հայերեն հրատարակել սեղանի և պատի օրացույց, կազմել բառարան:
Գ.Մ. -Հայրս՝ Աշոտ Մարտիկյանը, իմ հպարտությունն է ու իմ անցած ճանապարհի փարոսը։ Մանկուց նրան հետևելով, նրանից օրինակ վերցնելով եմ հասակ առել՝ համոզված, որ մի օր ես էլ նրա պես կնստեմ գիտելիքի շտեմարանի տպավորություն թողնող կոկ ու հավաք գրասեղանի առջև ու շարունակ կգրե՜մ ու կգրե՜մ։ Թե ինչի մասին՝ չգիտեի։ Այդ գրելու, ստեղծագործելու անհագ ծարավն էր թերևս պատճառը, որ տառաճանաչ դառնալու առաջին իսկ տարվանից սկսեցին գլխումս բանաստեղծական տողեր պտտվել, և լույսը բացվելուն պես գրիչն առած՝ սկսեցի գրել այն, ինչը մնում էր հիշողությանս ծալքերում՝ գիշերային մտորումներից հետո։ Այդ տեսնելով՝ մայրս մահճակալիս մոտ մի սեղանիկ դրեց, վրան` լուսամփոփ, թուղթ ու գրիչ... Մեկ-երկու գիշերային խզբզոցներից հետո մուսաս փախավ, և սկսվեց իմ անհոգ մանկությունը։ Միայն հինգերորդ դասարանում բացվեց ստեղծագործելու նոր շնչառությունը, և ես պիոներական մեր ջոկատի համար փոքրիկ պիես հորինեցի։ Շահումյանի անվան դպրոցի մեր դասարանն այն բեմադրեց։ Դա այնքան տպավորիչ էր, որ «Պիոներսկայա պրավդա» թերթի թղթակիցը մի մեծ հոդված տպագրեց՝ տեղադրելով մի նկար, որտեղ ես նաև ցուցադրում էի, թե ինչն ինչպես պետք է անել: Հետո տևական դադար եղավ, քանզի հարկավոր էր սովորել, սովորել, սովորել։ Մի բան, որն ինձ առանձնակի հաճույք էր պատճառում։ Աշխատում էի լավ սովորել և՛ հումանիտար, և՛ բնագիտական առարկաները, որպեսզի հորս հետ զրույցների ընթացքում նրա ոչ մի հարցն անպատասխան չթողնեի, ու հայրս հպարտանար ինձ պես դուստր ունենալու համար։ Նա դա չէր ցուցադրում, բայց հպարտանում և անթաքույց հոգատարությամբ էր շրջապատում ինձ։ Եվ ես աշխարհի ամենաերջանիկն էի... մինչ այն պահը, երբ մայրս պատմեց հիացումի և ընդօրինակման իմ կենդանի կերպարի՝ Աշոտ հորս եղեռնազարկ գերդաստանի պատմությունը։ Պարզվեց, որ չորս տարեկանում եղբոր՝ իննամյա Մինասի հետ, թուրքերի բարբարոսության պատճառով զրկվելով հորից, մորից, ողջ գերդաստանից, հայտնվել են ամերիկյան որբանոցում։ Երջանկությանս զգացումը ստվերվեց, բայց հիացումս բազմապատկվեց։ Որբանոցում հասակ առած, ինքնուրույն ոտքի կանգնած և կայացած Մինաս և Աշոտ Մարտիկյանները՝ հայերենի անթերի և մի քանի այլ լեզուների իմացությամբ, նիստուկացով, բարեկրթությամբ և գիտելիքի անսպառ պաշարով, էլ չեմ ասում՝ գեղեցկությամբ, դարձել էին հիացում առաջացնող հայի տեսակ: Եվ երբ 65-ամյա հասակում հայրս սրտի ծանր կաթվածով անկողին ընկավ, նրա կյանքը փրկելու համար ոտքի կանգնեցին ժամանակի լավագույն սրտաբաններն ու բժիշկները, որոնց գիտական աշխատանքներն ամենայն բարեխղճությամբ խմբագրել և հրատարակման էր պատրաստել հայրս՝ զբաղեցնելով «Հայպետհրատի» գիտատեխնիկական գրականության բաժնի վարիչի և գլխավոր խմբագրի պաշտոնները։
...Ես ամենաերջանիկ զավակը կլինեի, եթե հայրս, բացի իմ մանկական պատմվածքներից, որոնք տպագրվեցին «Ծիծեռնակ» և «Պիոներ» ամսագրերում ու «Պիոներ կանչ» թերթում, հասցներ կարդալ նաև իմ հեղինակած բոլոր գրքերը... Բայց դա արդեն այլ պատմություն է: Դա կնշանակեր, որ նա ականատես կլիներ իր անունը կրող Աշոտ թոռան երկրային կյանքից հեռացմանը...
...16 տարեկանում ավարտեցի դպրոցն ու բարձր միավորներով ընդունվեցի ԵՊՀ բանասիրական ֆակուլտետ։ Մինչ օրս էլ ժպիտով եմ հիշում այն օրերը, երբ գնում էի ընդունելության քննությունները հանձնելու։ Ամեն երեկո մայրիկս մահճակալիս մոտ էր դնում ճերմակ վերնաշապիկս ու վրան՝ արդուկված, լայն, մետաքսե երկու ժապավեն, որոնք առավոտյան հայտնվում էին իմ երկու բարալիկ ու կարճլիկ հյուսիկների վրա: Համալսարանում շարունակվեց այն, ինչը եղել էր դպրոցում. սպորտ, մարզումներ, մրցումներ, երգ... Հենց առաջին կուրսում, իմանալով, որ ես թեթև աթլետիկայով եմ զբաղվել, ինձ տարան Ծաղկաձոր՝ ձմեռային ճամբար, մարզվելու և հանրապետական միջբուհական դահուկավազքի մրցումներին մասնակցելու։ Հաջորդ տարի թույլ տվեցին քննությունները վաղօրոք հանձնել՝ կրկին ձմեռային մրցումներին մասնակցելու համար։ Հետո մեր ֆակուլտետի կոմերիտմիության քարտուղարը՝ լսելով իմ երգը, ձեռքս բռնած տարավ ու ներկայացրեց ԵՊՀ-ում գործող էստրադային նվագախմբի ղեկավարին՝ Մարտին Վարդազարյանին, ու ես դարձա մեներգչուհիներից մեկը։ Բայց ի պետս արդարության ասեմ, որ շա՜տ էի ամաչում բեմ ելնել։ Այնքան ամոթխած էի, որ երգս էլ չգիտեմ, թե ինչպես էր ստացվում։ Այնքան անվստահ էի, որ երբ Մոսկվայում՝ Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարանում ելույթ ունենալիս՝ բեմից հեռացա «բիսերի» ուղեկցությամբ, այլևս չկարողացա վերադառնալ... գոնե գլուխ խոնարհելու և ջերմ ընդունելության համար շնորհակալություն հայտնելու... Այսպիսով ավարտվեց իմ արտիստական առաջընթացն ու ես շարունակեցի ուսումս՝ համոզված, որ զբաղվելու եմ գիտությամբ, քանզի դասախոսներս ինձ հետ մեծ հույսեր էին կապում։ Անկեղծ ասած՝ ես էլ էի համոզված, որ այդպես էլ լինելու էր, բայց չէի կարող ենթադրել, որ համալսարանը չավարտած՝ պետք է ամուսնանայի։ Սակայն դա չխանգարեց դիսերտանտ ձևակերպվել, հանձնել քննությունները, ստանալ թեկնածուական թեզի պաշտպանության համար՝ «19-րդ դարի «Լումա» ամսագիրը» թեման, գրել, ավարտին հասցնել աշխատանքն ու... կտրուկ վերափոխվել... Ես հայտնվեցի Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեում։ Ես պարզապես ուզում էի թղթակցել և գումար վաստակել, քանզի ծնվել էր առաջնեկս՝ Արթուրս, և մեր նորաստեղծ ընտանիքն սկսել էր իր կայացման ուղին կերտել։ Ցանկանում էի նեցուկ լինել ամուսնուս և փորձել ուժերս։ Աշխատում էի Հայաստանի Հանրագիտարանի խմբագրությունում, բայց գրելու, ստեղծագործելու ձիրքս հանգիստ չէր տալիս։ ՈՒստի ներկայացա, գրեցի առաջին ռեպորտաժը, ու օրեր անց ռադիոյի մանկապատանեկան հաղորդումների գլխավոր խմբագիր Գագիկ Բադալյանն ինձ ընդունեց աշխատանքի որպես «Պիոներական լուսաբաց» հաղորդաշարի խմբագիր։
Այդ օրերից մնացած շատ հուշեր կան, որոնք այսօր ինձ իրապես ապրեցնում են. այն, որ մի քանի սերունդ նստեց իմ կողքին և ինձ հետ համատեղ, ինձնից օրինակ վերցնելով, կենդանի հաղորդումներ վարեց, առանց թղթի վրա գրելու՝ իր մտքերն անկաշկանդ շարադրելով։ Այդ տարիներին էր, որ սկսեցի մանկական պատմվածքներ գրել և կիրակնօրյա «պիոներական լուսաբացներին» առավելապես գրական-գեղարվեստական շունչ հաղորդել։ Դրա կարիքը շատ էր զգացվում։ Հետո դրանք մեկտեղվեցին մի փոքրիկ ժողովածուում և իմ Աշոտ բալիկի օրինակով (նա էր նման գիրք կազմել) վերնագրեցի «Իմ առաջին գիրքը»։ Հետո մանկական ռադիոբեմականացումների կարիքն զգացվեց, ու ես սկսեցի փոքրիկ պիեսներ գրել՝ չարաճճի, բայց շատ խելացի ու բարի տղեկների ու աղջնակների մասին, և նրանց դերերը մեծ հմտությամբ կատարեցին Նորայր Սարգսյանը, Լենա Դավթյանը, իմ փոքրիկ հաղորդավարներ Արտակը, Վարուժանը, Դավիթը... Դրանք հնչում էին ամեն կիրակի և կոչվում էին «Վաղորդյան զանգակներ»: Գրում էի։ Այո։ Անվերջ գրում էի, բայց հոգիս չէր խաղաղվում։ Ես պարտավոր էի։ Ես պետք է գրեի իմ եղեռնազարկ գերդաստանի պատմությունն այնպես, որ կարողանայի գլուխս հանգիստ դնել բարձին ու քնել։ Ինձ հանգիստ չէր տալիս մայրական կողմի տատիկիս՝ Փառանձեմի հորդորը.
-Գրի՛, յավրուս, գրի՛, դու գրել գիտես...
...Իսկ ես պարտավոր էի գրել ու պատմել աշխարհին, որ այսպես... այսպես... աշխարհում կա թուրք, որը փորձեց ջնջել հայերին և ջարդեց, կոտորեց, տնավեր արեց և՛ հորս, և՛ մորս, որին իր քրոջ և եղբոր հետ կարողացավ փրկել Փառանձեմ տատիկս ու հասցնել Հայաստան, հայրենիք, որտեղ արդեն ապաստան էր գտել իր (սպանված) Կատարինե քրոջ միամորիկ որդին։ Հարկավոր էր նրան ևս հասնել, խնամել ու հոգ տանել նրա մասին:
...«Ճղակոտոր իմ տոհմածառ» պատմավավերագրական իմ վիպերգը գրվեց որդուս՝ Աշոտ Չախոյանի հերոսացած անմահացումից հետո։ Ինչո՞ւ հետո։ Որովհետև որդիս վրեժ լուծեց այն ամենի համար, ինչն արել էր թուրքը հայերի հանդեպ 1915 թվականին։ Որդիս՝ Աշոտ Չախոյանը, կյանքը զոհելով՝ փրկեց նորանկախ Հայաստանի եզակի ու իրավամբ հերոսական Հատուկ նշանակության գնդի մարտիկների ու հրամանատարի կյանքը, և նրանք շարունակելով պայքարը՝ 20-րդ դարավերջին, ոսկե տառերով օծեցին հայոց պատմությունն իրենց աննախադեպ հաղթանակով և Հայաստանը 29,8 հազար քառակուսի կմ-ից դարձրին 40 և ավելի հազար քառակուսի կմ։ Սա հայոց բանակի այն եզակի զորախումբն է, որը 1992-ից մինչև 1994 թվականի հունվարի 31-ը՝ անցնելով մարտական փառավոր ուղի, ոչ մի զոհ չունեցավ։ 1994 թ. հունվարի 31-ի հավերժի առաջին ճամփորդը՝ Քարվաճառի Բիզ սարի վրա, եղավ որդիս՝ Աշոտ Չախոյանը։ Իսկ մինչ այդ...
Մինչ այդ էլ մարտական ու հետախուզական մի շարք գործողությունների մասին պատմելիս այնպիսի իրավիճակների մասին են պատմել մասնակիցները, որոնք ոչ միայն որդուս, այլև այդ գնդի աննախադեպ նվիրումների ու հայրենիքին մատուցած ծառայությունների մասին են վկայում։ Աշոտիս մարտական ընկերը՝ Գագիկ Դոլմազյանը, ինձ պատմեց մարտական մի գործողության մասին, որի ընթացքում հետախուզական գնդի մարտիկները՝ փակելով բեռնատարների շարասյունով Գորիս մտնելու փորձեր անող թուրքերի ճանապարհը, ձորի մեջ ի՜նչ ջարդ են տվել թշնամուն։
-Միայն տեսնել էր պետք, թե դրանք ո՜նց էին ճողոպրում, և Աշոտն ի՜նչ ինքնամոռաց կրակ էր բացել դրանց վրա։ Որ ասեմ՝ ոչ ոք չփրկվեց, հավատացեք։
Հետո պատմեց, որ կգա ժամանակ, երբ մենք կգնանք Քարվաճառ ու կտեսնենք այն բեռնատարները, որոնցով լցված թշնամին ջախջախվեց Լև գետի ափին։ Դա հետագայում տեսնելու հնարավորություն, անշուշտ, չէր լինի, բայց երբ ես (ի վերջո) 16 տարի անց Վարդենիսից՝ Սոթքով իջա Քարվաճառ, մարտական գործողությունների մասնակից Միքայել Արամյանը՝ առանց դույզն-ինչ կասկածի, որ ես վաղուց լսել եմ այդ սխրանքի պատմությունը, պատմեց, թե մեր մարտիկներն այստեղ ի՜նչ ջարդ են տվել թուրքերին։ Իսկ հետդարձի ճանապարհին ես պատահաբար մի հայացք գցեցի ճամփեզրին կանգնած մի ճերմականիստ տնակի վրա, որտեղ Արցախյան ազատամարտի մասնակիցներն իրենց ստորագրություններն էին դրել և... ո՜վ զարմանք... գտա Աշոտիս ստորագրությունը։ Ի՞նչ ուժ ինձ ուղղորդեց՝ իջնել ու նկարել։
-Ի՞նչ պատահեց,- զարմացավ ամուսինս։
-Աշոտիս ստորագրությունն էի նկարում։
Չհավատաց։
Ո՞վ կհավատար։ Եկանք տուն, ու ես հանեցի այն ծրարը, որի վրա տարիներ առաջ Աշոտը գրել էր. «Մամ ջան, ես դասերս արել եմ։ Գնում եմ բակ։ Մնաց մենակ անգլ.ը։ Կգամ կսովորեմ։»
...Եվ ստորագրությունը։
Ինձ դեռ շատ բան ունեն պատմելու նրա մարտական ընկերները, որոնք Աշոտի անունը լսելիս կարկամում և կորցնում են խոսելու կարողությունը: Շատ են սիրում և դեռ շա՜տ են զգում նրա տաք շնչի կարիքն իրենց թիկունքին ու... կարոտում:
Դ.Ս.- Ձեր հեղինակած «Ապրելու բանաձևը» հանրագիտարանային հիմնարար աշխատանք է՝ նվիրված Ազատամարտի մասնակիցներին: Առանձին անհատների մասին վավերական պատումների շնորհիվ, վերակենդանացնելով նրանց կերպարն ու վերաիմաստավորելով սխրանքը, միաժամանակ հնարավոր է դառնում վերականգնել պատերազմի իրական դեմքը՝ իր բոլոր երեսակներով: Տարբեր ճակատագրեր, տարբեր բնավորություններ, և բոլորին միավորող Հայրենիքի, Արդարության պաշտպանի, Հայրենապաշտի վեհ գաղափարներ: Ծանր չէ՞ մեկ մարդու, և այն էլ կնոջ համար, նման ծանր և պատասխանատու բեռ կրելը: Համոզված եմ, որ յուրաքանչյուր հերոսի կերպարը վերարտադրելիս վերապրում եք այդ ամենը՝ այցելելով մարտական գործողությունների վայրերը, հանդիպելով նրանց հարազատներին։
Գ.Մ.- Վերապրե՞լ... Ես մինչև այսօր էլ իմ հերոսների հետ թշնամու դեմ կռիվ եմ մղում և հայ մայրերին ևս օգնում եմ վիշտը և՛ կռիվ դարձնել թշնամու դեմ, և՛ ուժ ու կորով ամբարել՝ տեսնելու համար մեր երկիրը ծաղկուն, կյանքը բարվոք, մեզ էլ՝ սիրված ու մեծարված... այդպես լինելու է։ Ես հավատում եմ դրան և հավատ եմ ներշնչում հերոսների մայրերին։ Ես լավ գիտեմ։ Երբ ազգովին մի լավ բան ես կամենում, անգամ անկարելին կարելի է դառնում։ Ապացույց՝ 20-րդ դարավերջի մեր հերոսական հաղթանակը։ Թանկ, նվիրական մեր զավակների կյանքի գնով ձեռք բերված հաղթանակը։
Մինչ «Ապրելու բանաձև» ռադիոշարքը սկսելը, ես առանձնակի նվիրումով էի գրում հայ հերոսների մասին։ Ես նրանցից յուրաքանչյուրի մեջ տեսնում էի այն իրական հային, ով կանգ չի առնի, չի խաղաղվի և գլուխը հանգիստ չի դնի բարձին, քանի դեռ իր նախնիների հոգիները չեն խաղաղվել այնտեղ՝ Վերևում։ «Վաղորդյան զանգակներում» հնչեց իմ հեղինակած ռադիոբեմականացումը Անդրանիկի մասին։ «Հասակակիցներ» հանդեսում 30 րոպե տևողությամբ հաղորդում հնչեց Գարեգին Նժդեհի մասին, որի Գոհար Տրդատյան թոռնուհին իմ մանկության հուշերում լավագույն տեղն է զբաղեցնում, իսկ մայրը՝ Նժդեհի Լիլիա դուստրը, այն մարդն է, ում ես (առանց արգելքները հաշվի առնելու) ծածուկ հանձնարարություններ, մանկական պատմվածքների թարգմանություններ էի առաջարկում, որպեսզի... Ո՜նց եմ հիմա ամաչում, երբ հիշում եմ, որ «մեկը», ձեռքը թափ տալով՝ կարգադրում էր.
-Էդ դաշնակի աղջկա ոտը ստեղ չտեսնեմ...
Դե, ես էլ ծածուկ էի անում, իսկ «նա»՝ ձեռքը թափ տվողը, հոնորարը գրելիս, գլխի չէր ընկնում, որ Լիլիա Դադայանը նույն Գարեգին Նժդեհի դուստրն է։ Հետո... եկավ այն օրը, երբ ռադիոյի գործադիր տնօրեն նշանակվեց Արմեն Ամիրյանը։ Եկավ նաև վերակառուցումներ իրականացնելու ժամանակը, և Արմեն Ամիրյանն ինձ իր մոտ կանչելով՝ առաջարկեց գրել Արցախյան ազատամարտի հերոսների մասին։ Ես հանկարծակիի եկա։ Աշոտս նրանցից մեկն էր, ու ես ուզում էի անվերջ նրա մասին գրել, քանզի տարիներ շարունակ կարող էի գրել նրա մասին ու չկրկնվել։ Այդպիսի մշտանորոգ հայի տեսակ էր ԱՇՈՏՍ։ Արմեն Ամիրյանը տեսավ իմ այլայլումը։ Դե, անկեղծ ասած՝ ես էլ չթաքցրի ու շշնջացի.
-Արմեն ջա՛ն... գրիչս թաթախեմ իմ արնածոր վերքի մեջ ու գրեմ բոլորի մասի՞ն։
-Բոլոր հերոսների մասին,- ասաց Ամիրյանը:
Ես ասացի.
-Առաջինը կգրեմ Աշոտիս մասին։
Առարկություն, բնականաբար, չեղավ և, երբ սկսեցի գրել որդուս մասին, նրա ապրած կյանքի ամեն դրվագն անցավ աչքիս առջևով, ու ես տեսա իմ ինքնայրումով, հանուն բոլորիս բարեկեցության, խաղաղության ու ապահովության ապրած զավակին, որին այնքան էինք սիրում, որ չէինք էլ նկատում, որ դա՛ էր նրա ապրելու բանաձևը։
Գրեցի նրա մասին և դրվեց շարքի վերնագիրը՝ «Ապրելու բանաձև»։ Ինքնայրումով, նվիրումով, հանուն ընտանիքի, հարազատների, հանուն արդարության հաղթանակի ու հանուն ազատ, անկախ ու միացյալ հայրենիքի կայացման ապրելու բանաձև։
Այո, բոլոր հերոսների ծնողների, հարազատների, մարտական ընկերների հետ վերապրում եմ մեր գոյամարտի բոլոր ծանր ու հերոսական վայրկյաններն ու ամեն անգամ մի նոր պատմություն, մի նոր հերոսի կենսագրություն պատմությանը հանձնելուց հետո համոզվում, որ հայի ոգին անկոտրում է։ Այո՛։ Մեզ կոտրել, ճկել անկարելի է և, եթե հայ ես, ուրեմն կաս ու պիտի լինես... ի հեճուկս բոլոր աղետների և աղետաբերների։
Եվ եթե ես՝ իմ հողեղեն կերտվածքով զգում եմ անմահների շունչն ու հևքը և օր օրի հոգեպես առավել զորանում, ուրեմն պարտավոր եմ այդ շնչի ներկայությանը հաղորդակից դարձնել բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ հարատևող գանձը ոսկին է, փողը, մարդկանց լլկելով հարստություն կուտակելը։ Հայի համար իրական գանձը զավակն է ու հայրենիքը։ Ահա այդ իրական գանձերի՝ մեր զավակների սխրանքի պատմությունը գրեցի այս տարիների ընթացքում։ Նրանք այսօր շուրջ 1100-ն են՝ պահպանված Հայաստանի Հանրային ռադիոյի Ոսկե ֆոնդում և «Ապրելու բանաձև» մատենաշարի հատորներում, որի 10-րդ հատորը՝ ՀՀ նախագահի դրամաշնորհի շրջանակներում, ՀԵՀ-ի հայտարարած մրցույթում հաղթելու շնորհիվ կարողացա տպագրել և ի պահ տալ պատմությանը։ Այս հատորում 2016-ի քառօրյա մարտերի հերոսներն են, որոնց հարազատների, ընկերների հետ մեկ առ մեկ հանդիպեցի ու հասկացա, որ մայրերն սպասում են ինձ։ Ինձ հետ հանդիպել, զրուցել, պատմել, թեթևանալ ու իրողության հետ հաշտվել են ուզում։ Իսկ ես ուզում եմ, որ նրանք ո՛չ թե հաշտվեն իրականության հետ, այլ ապրեն գլուխը բարձր, վեհ ու հպարտ։ Մենք հերոսների մայրեր ենք։ Մենք իրավունք չունենք խոնարհվելու... Եթե խոնարհվել, ապա միայն ու միայն Աստծո առաջ՝ ապավինելով նրա Աջի զորությանը։
Դ.Ս.- Բացի պատմաճանաչողական նշանակությունից, հատորներն ընթերցողին դաստիարակում են, սերմանում նրա մեջ բարձր հոգևոր արժեքների նկատմամբ սեր, հարգանք, գործնական նվիրում: Մեր օրերում դրանց քարոզչությունն այնքան էլ դյուրին գործ չէ: Ընդհանրապես, մաքուր, ոչ կոմերցիոն մշակույթն ու նրա կերտող-կրողներն այսօր աջակցության, խրախուսման կարիք ունեն: Հետևելով լրատվությանը, անձամբ մասնակից լինելով մի քանի միջոցառումների, ուրախությամբ պետք է փաստեմ, որ «Ապրելու բանաձևի» խորհուրդը հանրությանը հասցնելու առումով որոշակի առաջընթաց է նկատվում: Հիշում եմ նաև գրքի առաջին հատորների տպագրության ծախսերը հոգալու ուղղությամբ Ձեր դժվարություններն ու անհանգստությունը:
Գ.Մ.- Նախ ասեմ, որ այս ստեղծագործությունը գրքի տեսքով ընթերցողի սեղանին դնելու մտահղացումը ևս Արմեն Ամիրյանինն է։ Ես ինքնամոռաց նվիրվել էի աշխատանքն ըստ պատշաճի հանրությանը ներկայացնելու գործին, և դրա մասին մտածելու ժամանակ անգամ չունեի։
Մատենաշարի 1-ին հատորը տպագրվեց հաղորդաշարն սկսելուց շուրջ 6 տարի անց։ Թեև ռադիոշարքն արդեն բացել էր իր կանաչ ճանապարհը և հայոց դարավոր պատմության հոլովույթներում մտովի շրջագայելն ու Արցախյան գոյապայքարի հերոսների սխրանքի պատմությանը ծանոթանալը սկսել էին մեծ հետաքրքրություն առաջացնել տարեցների ու երիտասարդների, անգամ դպրոցական երեխաների շրջանում, և ես հաճախ էի հյուրընկալվում դպրոցներում, բուհերում, վարպետության դասեր էի անցկացնում, բայց գիրքը ընթերցողի սեղանին դնելն ուշանում էր։ Պատճառը շատ ուշ պարզվեց։ Գրքային տարբերակ պատրաստողը ձգձգում էր գործը։ Հետո պարզվեց, որ հուզմունքից չէր կարողացել աշխատել, բայց չէր էլ համարձակվում խոստովանել։ Հետո ամեն ինչ տեղն ընկավ։ Ներկայացրի գիրքս Հրատարակչական գործի գործակալությանը, որտեղ հանձնաժողովի քննարկումներից հետո անհրաժեշտ գտան այն հրատարակել պետական պատվերով։ 2008 թվականին լույս տեսավ 1-ին հատորը, և «Ապրելու բանաձևը», իր հաղթարշավն սկսելով հանրային ռադիոյից, շարունակեց այն՝ գրքի տեսքով։ Իմ գրապահարանում արդեն հաղթանակ խորհրդանշող ալ կարմիր կազմով 10-հատորյա «Ապրելու բանաձևն» է՝ շարված անպարտ հերոսների կուռ տողանի պես։ Հաղթարշավ, որի հեղինակները մեր հերոս զավակներն են, որոնց օրինակն անչափ ուսանելի եղավ հետագա սերնդի դաստիարակության համար, քանզի այդ սերունդն էր 20-րդ դարավերջին թշնամու ջարդը տվել՝ ցույց տալով հայի և՛ բազկի, և՛ ոգու ուժը։ Այն սերնդի, որը թեև քչաքանակ, բայց այնպես ջարդեց թուրքին, որն աշխարհի ուժեղներին հայերի հետ հրադադարի համաձայնագիր կնքելու աղերսագիր առաքեց։
Դ.Ս.- Հսկայածավալ և անգնահատելի աշխատանք եք կատարում՝ անձնվիրաբար և մեծ նվիրումով: Համոզված եմ, որ այս գործում Ձեզ մեծ ուժ է հաղորդում Ձեր հերոս որդու՝ Աշոտ Չախոյանի լուսեղեն կերպարը: Պատմեք Աշոտի մասին. ինչպե՞ս է ձևավորվել և դաստիարակվել այդ անձնուրաց հայորդին:
Գ.Մ.- Կպատմեմ Աշոտի մասին, բայց հավատացեք, մեր զրույցի համար նախատեսված տարածքը չի բավարարի։ Միայն մեկ ընդգծված հատկանիշի մասին եմ ես հաճախ խոսում. այն մասին, որ Բիզ սարի վրա մեն-մենակ մնալով թշնամու դեմ, կարողացավ 1 ժամ 30 րոպե պահել բարձունքը, որպեսզի կասեցնի թշնամու առաջխաղացումը, որի հետևանքն անկանխատեսելի էր լինելու... շրջապատվելու էին մարտական ընկերներն ու հրամանատարը։ Սա պատմեց հրամանատարը՝ Մեժլում Մանուչարյանը և բոլորիս ներկայությամբ անթաքույց և հատ-հատ արտասանեց.
-Աշոտը նաև իմ որդին է, քանի որ փրկել է նաև իմ կյանքը։
Այս աննախադեպ սխրանքի մասին հնարավորինս պատմել եմ Աշոտիս «Ապրելու բանաձևում»։ Մատենաշարի առաջին հատորի առաջին հերոսն է նա, որի մասին դեռ շատ կգրվի ու կխոսվի։ Բարձունքում՝ բազմաքանակ թշնամուն դեմ հանդիման, միակ ելքն այն էր, որն ընտրեց Աշոտը. նա կարգադրեց մարտադաշտից հանել երկու ձեռքից վիրավոր արնահոսող հրամանատարին՝ Ալբերտ Երգինյանին, մյուս երկուսին կարգադրեց իջնել ստորոտ ու տեղեկացնել վտանգի մասին, և մեր մարտիկները՝ վերադասավորելով ուժերը, խուսափելով շրջափակումից, հաջորդ օրն ազատագրեցին (ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող) Բիզ սարը, հերոսին վայել փառքով տուն բերելով նաև հերոսացած որդուս... Իսկ նա այնքա՜ն ապրող ու ապրեցնող տեսակ էր... Ապրեցնելու կարողությունը դրսևորեց լիուլի՝ փրկելով իր մարտական ընկերների կյանքը, իսկ ապրած իր տարիների ընթացքում գրեց այնպիսի մի կենսագրություն, որ երբ նրան ճանաչողները լսում են «Աշոտ Չախոյան» անուն-ազգանունը, նրանց դեմքին, Աշոտի թողած հիշատակներից առաջացած լուսեղեն ժպիտի հետ, մի անսքող կարոտ է հայտնվում. կարոտ այն հուշերից, որը թողել է որդիս՝ նվիրում, սեր, հանուն ընկերոջ ու հարազատի՝ անձնազոհության պատրաստակամություն և ապրած մի կյանք, որի մասին հիշելիս բոլորը մեկ բառ են հիշատակում՝ մակարդակ։ Ի՜նչ էլ աներ Աշոտը, անում էր մակարդակով և գործն սկսելիս մշտապես շեշտում էր՝ մակարդա՜կ։
Նրա ապրած կարճատև կյանքը, նվիրվածությունը` ընտանիքի բոլոր անդամներին, ընկերներին, ծանոթներին ու անգամ իր կարիքն ունեցող անծանոթներին, ու նաև գործած աննախադեպ սխրանքի պատմությունը մակարդակով ապրելու ապացույցներն են։ Այդ էր պատճառը, որ 2016 թվականի դեկտեմբերի 5-ին, երբ բացվեց նրա բրոնզաձույլ կիսանդրին, Խաչիկ Դաշտենցի անվան 114 դպրոցում, մեկ մարդու պես ներկայացան մարտական ընկերները, Երևանում գտնվող բոլոր համադասարանցիներն ու Աշոտի սիրելի և Աշոտին սիրող ուսուցիչները՝ Ելենա Հարությունյանը, Ռուզաննա Հախումյանը։ ԱՄՆ-ից երկու օրով եկավ և կիսանդրու բացմանը մասնակցեց մանկության մտերիմ ընկերը, համադասարանցին՝ կիսանդրու պատվիրատու Հարություն Հարությունյանը։ Կիսանդրու կոմպոզիցիան սկսել էր երջանկահիշատակ քանդակագործ, պրոֆեսոր Ազատ Հարությունյանը, բայց, ցավոք, չհասցրեց ցանկալի ավարտին։ Լավագույնս ավարտին հասցրեց մեկ այլ տաղանդաշատ քանդակագործ՝ Վիլյամ Պետրոսյանը, որն անշունչ նյութին այնպիսի շունչ ու ոգի հաղորդեց, որ երբ ես առաջին անգամ մտա արվեստանոց ու կանգնեցի կիսանդրու առջև... չէի ուզում հեռանալ։ ...Որդիս խոսում էր ինձ հետ... և խոսում էր այնպես, որ ես գլուխս բարձր, հպարտ և անարցունք ապրեմ իմ կյանքը, քանզի ինքը՝ Աշոտս, ևս ապրում է այնտեղ` վերևում, ու կապրի այնքան, քանի դեռ ապրում են հայն ու Հայաստանը։
Դ.Ս.- Տիկին Գոհար, խնդրում եմ ներողամիտ լինեք, ամենևին չեմ ցանկանում ցավ պատճառել, բայց, իմ կարծիքով, Ձեր ասելիքն ու պատմելիքն Աշոտի մասին, հատկապես մարտական գործողությունների վերաբերյալ, ամբողջական չեն, թեև համոզված եմ, որ նրա մասին հուշերն ու պատմություններն անսպառ են:
Գ.Մ.- Ինչպես հիշատակեցի վերևում՝ Աշոտիս մասին գրված է (կրկին թեթևակի) «Ճղակոտոր իմ տոհմածառ» վիպերգում և «Ապրելու բանաձև» մատենաշարի 1-ին հատորում։ Առաջին հերոսն է նա։ Բայց գրելու դեռևս անսահման նյութ կա, քանզի մարտական ընկերների հետ ամեն մի նոր հանդիպում մի շարք նորությունների ու սխրանքի նկարագրության անսպառ նյութ է տալիս։ Իսկ մեծագույն սխրանքն այն էր, որ լսելով այն մասին, որ Էլչիբեյը պատրաստվում է Սևանի ափին խնջույքի նստել, թողեց Մոսկվայում սկսած իր եկամտաբեր գործը, եկավ Հայաստան և անմիջապես անդամագրվեց 24923 զ/մ-ին, կամավոր՝ այն ժամանակ, երբ ոմանք փորձում էին լքել Հայաստանը:
Իսկ կիսանդրու բացման օրը գեներալ-լեյտենանտ Արթուր Սիմոնյանը, որն այն ժամանակ շտաբի պետն էր, պատմեց, թե ինչպես է Աշոտը՝ կրկին կամավոր, միացել զորախմբին ու գնացել Քարվաճառ։ Պարզվում է, մարտական հերթական առաջադրանքը կատարած և նոր վերադարձած Աշոտն այդ ելքի մասնակիցը չպետք է լիներ, և նրան տեսնելով` Ա. Սիմոնյանը կարգադրել է դուրս գալ շարքից։ Հետո՝ տեղ հասնելով նկատել է 1 մ 98 սմ հասակով, ամրակուռ կրտսեր սերժանտին ու մոտ է կանչել.
-Քեզ չասացի՞՝ չգաս։
-Պատժեք, բայց ես չէի կարող ընկերներիս մենակ թողնել։
-Լավ, գնա։ Հետո, զորամասում կխոսենք,- ասել է Սիմոնյանը, հետո ցավոք... զրկվելով այդ հնարավորությունից։
Դ.Ս.- Նախագահի մրցանակը ստանալիս, Ձեր շնորհակալական խոսքը Դուք արտասանեցիք Ձեր հայացքը վեր պարզած, հասցեագրելով հերոսներին՝ սա երկնքում ապրող Արդարության զորաբանակի իմ զավակների մրցանակն է...
Գ.Մ.- 2015 թվականի Հայկյան հատուկ մրցանակին արժանացա, այո։ Եվ այդ մրցանակը համարեցի իմ հերոսներինը՝ բոլոր այն հայորդիներինը, որոնք այնտեղ՝ անմահների կացարանում մեկտեղված, դարձել են արդարների զորախումբ և օգնելու են ապրողներին՝ թշնամու դեմ իրական ու վերջնական հաղթանակ տանելու և Հայոց հողում արժանապատիվ ու բարվոք կյանք ապահովելու։ Հետո պարգևատրվեցի ՀՀ նախագահի Երախտագիտության և պաշտպանության նախարարի Վազգեն Սարգսյան մեդալներով։
Դ.Ս.- Մեր պատերազմն այսօր ևս շարունակվում է, որը, ցավալիորեն, ոմանք հիշում են միայն այն ժամանակ, երբ մեր արևելյան սահմաններին տեղային, մասնակի բախումները, թշնամու արկածախնդրությունները ստանում են մարտական լուրջ սպառնալիքի բնույթ: Դրա վկայությունն է ապրիլյան քառօրյա պատերազմը... Չորս ծանր և հերոսական օրեր, որ մեզ և՛ ոգեշնչեցին, և բացահայտեցին բազմաթիվ իրողություններ, որոնք նաև լրջագույն դաս պետք է լինեն թե՛ զինված ուժերի, թե՛ մյուս գերատեսչությունների պաշտոնյաների, օլիգարխիկ փիլիսոփայությամբ պետական պաշտոններ ստանձնած անձանց համար: Բարդագույն պայմաններում էր մեր զինվորը, մեր ժողովուրդը հարկադրված էր ևս մեկ անգամ ապացուցելու իր ոգու զորությունն ու անպարտելիությունը:
Գ.Մ.- Ապրիլյան քառօրյա պատերազմի իրական հերոսները՝ մեր հերոս զավակների սխրանքի պատմությամբ և նրանց ապրած ու հերոսացած կյանքի օրինակով դաստիարակված տղաները, կանգնեցին թշնամուն դեմ հանդիման՝ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ու մեկ անգամ ևս ապացուցեցին աշխարհին ու մեր թշնամիներին, որ հայի ոգին անպարտելի է։ ՈՒ... Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում։
Դ.Ս.- Տիկին Գոհար, հետևելով Ձեր գործունեությանը` այնպիսի տպավորություն ունեմ, որ կենտրոնանալով ազատամարտի պատմության վրա, Դուք, մի տեսակ, մեկուսացել եք, այսպես ասած, դրսի անցուդարձից և ապրում եք միայն Ձեզ պատկանող մի աշխարհում, որտեղ գերնպատակը մեր պատերազմի հերոսների մասին նյութեր հավաքելը, մշակելը, վավերական կամ գեղարվեստական միս ու արյուն տալը և նրանց հասարակությանը ճանաչելի դարձնելն է: Դուք չանդրադարձաք Ձեր մի հրաշալի գրքի «Լեոնիդ Ազգալդյան: Սա Հայաստան է և՝ վերջ», պատերազմի մեծագույն ռազմական գործիչ գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի մասին պատմող աշխատանքին և այլն: Կասե՞ք, թե ինչ մտահղացումներ ունի գրող Գոհար Մարտիկյանը, որ ցանկանում է առաջիկայում թղթին հանձնել:
Գ.Մ.- Ես չեմ մեկուսացել Ձեր հիշատակած «դրսի անցուդարձից»։ Իմ կյանքի, աշխատանքի ողջ իմաստն այն է, որ ապրի հայի այն տեսակը, որը պահպանելու է հային Հայաստանում՝ մշտապես հիշելով իր առաքելությունը։ Այն ոչ թե փող կուտակելն է, այլ փողը հայրենիքի շենացմանն ի նպաստ դնելը։ Դա մշակույթ է։ Մշակույթ, որը միայն ոտքի կհանի երկիրը։ Իսկ պատկանյանական տողերն այս տարիներին բազմիցս են հայտնվել իմ ֆեյսբուքյան էջում.
«...Թե քո փողեդ օգուտ չունի Հայաստան,
Թըքել եմ քո ալ փողիդ ալ վրան...»:
Շատ ուրախ եմ, որ հիշատակեցիք իմ մեկ այլ, անչափ նվիրական աշխատանքը՝ «Լեոնիդ Ազգալդյան։ Սա Հայաստան է և՝ վերջ» պատմական վիպերգը։
Եթե «Ապրելու բանաձև» կոթողային մատենաշարում մեկտեղված են հայ դյուցազունները, ապա վերոհիշյալ վիպերգում այն հայ հերոս մտավորականն ու զինականն է, հրամանատարն ու հայը, որի Տեսակը միշտ և ամենուր պետք է գովերգվի, ներկայացվի, մեծարվի, ի ցույց դրվի որպես օրինակ։ Շատ եմ ուզում, որ բոլորը կարդան այդ գիրքը։ Շատ եմ ուզում այն վերահրատարակել լրացումներով և որոշակի շտկումներով (քանզի այնպիսի ժամկետներում էի պարտավորվել գործն ավարտել, որ սրբագրումների, ինչու չէ՝ նաև հավելումների համար ժամանակը չբավարարեց)։ Ես ոչինչ չեմ հորինել։ Պարզապես հավաքել և կուռ ու ամբողջական տեսք եմ տվել Լեոնիդ Ազգալդյան կերպարին՝ շատ ու շատ փաստեր ճշտելով արխիվներում, որպեսզի ոչինչ չասվի հենց այնպես և ինքնանպատակ։ Արխիվները պեղելով հայտնաբերեցի հոր՝ Ռուբեն Ազգալդյանի կենսագրությունն ու շատերի համար անակնկալ դարձավ այն, որ նա Շամքորի շրջանի Բարսում գյուղից է, և նա էլ է իր պարտականություններն անմնացորդ նվիրումով կատարել։
Լեոնիդն այն հերոսն է, որի ապրած կյանքի ամեն վայրկյանն է օրինակելի դաս կյանք մտնող յուրաքանչյուր հայի, յուրաքանչյուր ազնվական հայի համար։ Թող չթվա, թե իմ մատենաշարի հերոսներն այդպիսին չեն։ Այդպիսին են։ Պարզապես Լեոնիդը հասցրեց դառնալ և՛ գիտնական, և՛ մտավորական՝ իր զինվորներին ևս ազնվականական հակումներ ներարկելով... Ի՛ր օրինակով, իր անձնական վարք ու բարքով։ Անպարտելի բանակ հավաքագրեց, և մարտի հանեց ոչ թե մեռնելու, այլ հաղթելու պատրաստակամությամբ, սովորեցնելով սիրել կյանքը և կռվել հանուն կյանքի։
Դ.Ս.- Մեծ հաղթանակը ռազմի դաշտում ենթադրում էր հաղթանակներ խաղաղության պայմաններում՝ տնտեսության, արդյունաբերության զարգացում, համազգային մոտեցումներ երկրի վերածննդին ի նպաստ: Ցավոք, այդպես չեղավ: Տեղի ունեցավ հակառակը, որը, մեղմ ասած, միայն կամ բնավ նավթադոլարներով չի պայմանավորված: Պատերազմում հաղթանակած երկիրն ու ժողովուրդն այսօր ապրում են հայտնի ճգնաժամի պայմաններում՝ գործազուրկ, աղքատության մեջ, որից դուրս գալու հեռանկար, ընդհանրապես երկրի զարգացման հույս չունենալով, շատերը ճարահատյալ լքում են իրենց երկիրը: Այն երկիրը, որի համար պատրաստ են եղել զոհաբերելու իրենց կյանքը: Տիկին Գոհար, Դուք հաճախ եք հանդիպումներ ունենում զինվորականների, ազատամարտիկների, վերջիններիս հարազատների հետ: Հետաքրքիր է, ի՞նչ տրամադրություններ են տիրում նրանց շրջանում, բարոյահոգեբանական և սոցիալական ի՞նչ վիճակում են գտնվում:
Գ.Մ.- Իմ «դեգերումների» ընթացքում հանդիպել եմ և՛ չափավոր լավ, և՛ չափավոր վատ, և՛ լավ, և՛ շատ վատ ապրողների։ Բայց թույլ տվեք ինձ՝ որդեկորույս մայր Գոհար Մարտիկյանին, չզարնվել մի ժայռից մյուսը... Ինձ բավ է այն, որ ես ցավս հպարտություն դարձրած եմ ապրում և աշխատում եմ բեռ չդառնալ, չելնել շալակն աշխարհի, այլ աշխարհը շալակած տանել։ Հավատացեք, ավելի հպարտ ու անպարտ ես ապրում... երբ աշխարհն ես շալակած տանում։
Իհարկե, ես էլ կուզեի որդուս պաշտպանած հողից մի 500 քմ ունենալ, այնտեղ լոլիկ ու վարունգ ցանել։ Ես էլ կուզեի Երևանի Կենտրոնում ծնվել ու հասակ առնելուց հետո նույն Կենտրոնում էլ ծերանալ, ոչ թե վաճառել բնակարանս և տեղափոխվել ծայրամաս, բայց... ցավոք, այդպես չէ։ Ես կուզեի, որ հրադադարի համաձայնագիրը խախտած թշնամին՝ Արբաթ գյուղից Աղասի Գրիգորյան հերոսին չխանգարեր տուն վերադառնալ, որպեսզի նրա անունով կոչված փողոցի իրենց տան հասցեն չգրվեր «Նկուղ»։ Ես կուզեի, որ Վարդաբլուր գյուղում ծնված հերոսի՝ միամորիկ Միշա Աղաջանյանի ծնողները անկարիք ու ապահով ապրեն, ու վարդաբլուրցիները տուն գնալիս ցեխակոլոլ չլինեն... Բայց այսօր ես ամենից շատ մեկ մե՜ծ-մեծ ցանկություն ունեմ.... Որ մեր բանակը լավ զինված լինի, որ մեր զինվորները որակյալ հագուստ ու կոշիկ ունենան, որ շատ լավ սնվեն, ու մեր սահմաններն ապահովված լինեն պաշտպանական այնպիսի միջոցներով, որ «օձն իր պորտով, հավքն իր թևով» չկարողանա մոտենալ մեր սահմանին։ Վերջապես, դանիացիների նման ընդունել դեռևս 1241 թվականին նրանց որդեգրած կարգախոսը՝ մենք մեր երկիրը կառուցում ենք օրենքով... Ըստ իս՝ սա է նրանց բարեկեցության բանալին...
ՈՒ մի հավելում, որը ես շատ եմ սիրում ու հաճախ եմ կրկնում՝ մի քիչ խմբագրելով (թող ինձ ների) Մովսես Խորենացի մեր պատմահորը. «...Քաջերն իրենց սահմանը զենքով են գծում»։ Իսկ Հայաստանից հեռացողների մասին դուք ինձնից լավ գիտեք. և՛ աչքն է այստեղ, և՛ սիրտն ու հոգին։
Դ.Ս. -Իսկ ի՞նչ պայմաններում է ապրում և այս մեծարժեք գրականությունը ստեղծում մեր սիրելի և հարգարժան մտավորականը՝ Գոհար Մարտիկյանը:
Գ.Մ. -Երազում եմ, որ մեկսենյականոց բնակարանի փոխարեն գոնե երկու սենյականոցում ապրեմ, որպեսզի առանձնանալու և աշխատելու հնարավորություն ունենամ։ Ես էլ եմ ուզում առանձին պատշաճ անկյուն ունենալ, այնտեղ տեղադրել իմ գրասեղանը, վրան էլ՝ համակարգիչս և անվերջ աշխատել։ Գրել... գրել... ինչքան շունչս կբավարարի, ու Տերը կկամենա:
Դ.Ս.- Կարծում եմ` Ձեր ցանկությունն իրականանալի է: Ապավինենք մեր քաղաքային իշխանությունների և կամ մեծահարուստների բարեհաճությանն ու շրջահայացությանը: Տիկին Գոհար, մեր զրույցը, վստահ եմ, կարող է անվերջանալի լինել: Թեման խիստ կարևոր է: Վերջին հաշվով, այն առնչվում է երկրի անվտանգությանը և ազգի ինքնագիտակցությանը: Բայց, ամփոփենք. ի՞նչ կմաղթեիք մեր զինված ուժերին, մեր զինվորին, մեր ժողովրդին:
Գ.Մ.- Ժողովրդին` հարատևություն, զինվորին՝ խաղաղություն, մեր զինված ուժերին՝ հաջորդ հոբելյանը նշել մեր երազած, մեր երազի երկիր Հայաստանում։
Դ.Ս.- Ցավոք, մենք շրջապատված ենք քաղաքակրթությունից հեռու գտնվող այնպիսի հարևաններով, որ դարձյալ այժմեական է հնչում Զորավարի նկատառումը, թե մեզ համար գոյություն չունի խաղաղություն, այլ ժամանակավոր դադար է, որի ընթացքում պետք է նախապատրաստվենք հաջորդ պատերազմին: Այդուհանդերձ:
Հուսով եմ, հետագայում մենք դարձյալ կհանդիպենք՝ զրուցելու ապրելու բանաձևի խորհրդի մասին, որի բանալին, ամենայն հավանականությամբ, անանձնական կյանքն ու իմաստավորված ապրելն է: Շնորհակալություն: